Monday, November 17, 2014

Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապ 

 ԶՈՀՐԱՊ Գրիգոր Խաչիկի (26 6.1861, Կ. Պոլիս - 1915, Մեծ եղեռնի զոհ), գրող, հրապարակախոս, փաստաբան-իրավագետ, հասարակական-քաղաքական գործիչ։ 
Ավարտել է Կ. Պոլսի ֆրանսիական երկու բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ստանալով երկրաչափի (1879) և իրավաբանի (1882) մասնագիտություններ։ Դեռևս պատանի՝ ընտրվել է Ասիական ընկերության նախագահ, մասնակցել Հայոց միացյալ ընկերության գործունեությանը։ 1883-ից զբաղվել է փաստաբանությամբ, միաժամանակ իրավագիտություն դասավանդել Կ. Պոլսի համալսարանում։ 1895-96-ի հայկական կոտորածների օրերին հանդես է եկել հայ քաղաքական ամբաստանյալների, դրանից առաջ՝ զեյթունցի հայերի, իսկ 1905– ին՝ մի բուլղար հեղափոխականի պաշտպանությամբ։ Քաղաքական ակտիվության համար զրկվել է փաստաբանությամբ զբաղվելու իրավունքից։ 1908-ին մեկնել Է Փարիզ, իսկ երիտթուրքերի պետական հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս: 1908-ին ընտրվել է օսմանական խորհրդարանի անդամ և ազգային ժողովի երեսփոխան: Զոհրապը քաղաքացիական բացառիկ արիություն է դրսևորել Ադանայի կոտորածի (1909) ժամանակ, իսկ 1911-ին հուշագիր ուղարկել թուրք վարչապետին՝ պահանջելով վերջ տալ հայերի նկատմամբ իթթիհատական կառավարության համիդյան մեթոդներին։ Զոհրապը հրատարակել է իրավագիտական երկու (1908-ին՝ Փարիզում՝ ֆրանսերեն, 1909-ին՝ Կ. Պոլսում՝ թուրքերեն), իսկ 1913-ին Փարիզում Մարսել Լեա ծածկանունով՝ «Հայկական հարցը վավերագրերի լույսի տակ»:
(ֆրանսերեն) աշխատությունները։ 1892-93-ին Հ. Ասատուրի հետ հրատարակել է «Մասիս» գրական հանդեսը, 1898-ին Սիպիլի և Հ. Ասատուրի հետ՝ համանուն թերթը։ Աշխատակցել է «Հայրենիք», «Արևելք», «Ազատամարտ» և այլ պարբերականների։ Զոհրապը բազմաժանր գրող է (բանաստեղծություն, վեպ, նորավեպ, գրական դիմանկար, ակնարկ, հրապարակախոսություն)։ Ճանաչում է ձեռք բերել «Անհետացած սերունդ մը» (1887) իրապաշտական վեպով։ Հատկապես ուշագրավ են Զոհրապի նորավեպերը, որոնք լույս են տեսել երեք ժողովածուով՝ «Խղճմտանքի ձայներ» (1909), «Կեանքը ինչպէս որ է» և «Լուռ ցաւեր» (երկուսն էլ՝ 1911), որոնցում Զոհրապը կերտել է բազմաթիվ իրապաշտական կերպարներ, բացահայտել մարդկային ողբերգության սոցիալական ակունքները («Ճիտին պարտքը», «Մագթաղինեն», «Այրին», «Փոստալը»), սիրո թեման քննել մարդկային երջանկության, բարոյական բարձր արժեքների լույսի ներքո. («Այինկա», «Ռեհան», «Առջի սեր, առջի բարի», «Զաբուղոն», «Ճերյան»), անդրադարձել կյանքի և մահվան, մարդու ներաշխարհի անլուծելի առեղծվածներին («Երջանիկ մահը», «Մյուսը», «Կարծեմ թե»)։ 

No comments:

Post a Comment